շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մասնակցեցին Ապարանի համայնքապետարանում անցկացվող «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը: Մասնակիցների թվում էին նաև Ապարան համայնքի ղեկավար կազմը, աշխատանքային ենթախումբը, համայնքի տարհանման հանձնաժողովը, ինչպես նաև համայնքի կազմավորումների հրամանատարներն ու վարչական ղեկավարները։

Ուսումնավարժության նպատակն էր.
Կատարելագործել համայնքի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի հմտություններն ու ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում,
Ստուգել և կատարելագործել համայնքի արձագանքող ուժերի ղեկավարների ունակություններն աղետի գոտում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում:


Ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով, որի ընթացքում իրականացվեց ղեկավար կազմի ազդարարում և հավաք, իրավիճակի գնահատում, հետախուզության կազմակերպում, տեղի ունեցած երկրաշարժի և վարվելակերպի կանոնների մասին բնակչության իրազեկման, ինչպես նաև փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և աղետի գոտում հայտնված բնակչության տարհանման միջոցառումներ։

Տարհանման հանձնաժողովը գործողության մեջ դրեց «վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլան»-ը:
Ստեղծվեցին համայնքներում բնակչության տարհանման միջանկյալ հավաքակայաններ, ներկայացվեցին առաջարկություններ՝ բնակչության կենսաապահովման, տուժածներին օգնություն ցուցաբերելու, բնակչության կենսապահովման օբյեկտների կայուն գործունեության ապահովման, մարդասիրական օգնության ընդունման և բաշխման կազմակերպման ուղղությամբ:
Պայմանական «աղետի գոտին» բաժանվեց փրկարարական աշխատանքային տեղամասերի: Այդ ամենին հաջորդեցին աղետի գոտու շրջափակման կազմակերպման և հասարակական կարգի պահպանության աշխատանքները:

Միջոցներ ձեռնարկվեցին փլուզված և այրվող շենքերից ու շինություններից մարդկանց փրկելու, առաջին օգնություն ցուցաբերելու և բժշկական կենտրոններ տեղափոխելու ուղղությամբ, իսկ վթարավերականգնողական խմբերի կողմից իրականացվեցին վթարված կոմունալ-էներգետիկ համակարգերի, կապի հանգույցների վերականգնում և խցանված ճանապարհների մաքրում։
Ավարտին ամփոփվեցին ուսումնավարժության արդյունքները, քննարկվեցին թերությունները և նախանշվեցին կարողությունների բարելավմանն ուղղված հետագա աշխատանքները։

  • Կիսվել: