շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Նիլակշի Սահա Սինհան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: