շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր:

Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էր Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի դպրոցների 80 աշակերտ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցութային կարգով ընտրվել է 15-ը:

Պատգամավորը մայիսի 13-ին խորհրդարանում հանդիպել է մրցույթը հաղթած դպրոցականների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը մանրամասն ներկայացրել է ծրագիրը: Այն կմեկնարկի հունիսի 20-ին եւ կավարտվի հուլիսի 6-ին: Մասնակիցները «Հիշողության գնացքով» կլինեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաքներում, կայցելեն Հայրենական մեծ պատերազմի ռազմական փառքի վայրեր, կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

Պատգամավորը հույս է հայտնել, որ հայ դպրոցականները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու ընկերներ, իսկ ծրագրի շնորհիվ ստացած տպավորությունները կլինեն անմոռանալի:

  • Կիսվել: