շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նախնական տեղեկություններով նա անզգուշաբար ընկել է գետը

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նախնական տեղեկություններով նա անզգուշաբար ընկել է գետը

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ընդմիջում անելու նպատակով Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում է «Եդեմ» ռեստորանում, որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջում գնալու նպատակով դուրս է եկել ռեստորանից։

 Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել է գետը։

Քիչ առաջ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Առավոտյան որոնողական աշխատանքները շարունակվելու են։

  • Կիսվել: