ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Հավաքների ժամանակ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ

Հավաքների ժամանակ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ

Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և դրա մասնակիցների կողմից հանրապետության տարբեր մարզերում իրականացված բողոքի ակցիաների ընթացքում դրանց առանձին աջակիցների մասնակցությամբ արձանագրվել են առերևույթ՝ քրեական օրենքով արգելված գործողությունների բազմաթիվ դեպքեր, որոնց առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ և քրեական հետապնդումներ են հարուցվել տասնյակից ավելի անձանց նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով բողոքի ակցիաները շարունակելուն ուղղված հրապարակային հայտարարություններն ու գործողությունները՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում նախազգուշացնելու, որ իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները՝ հանրապետությունում ցանկացած հանցավոր դրսևորման արագ և կոշտ քրեաիրավական արձագանք ապահովելու ուղղությամբ։

Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում, իրավահպատակ և պատասխանատու վարքագիծ։
 

Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»:

  • Կիսվել: