շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայոց ցեղասպանության հիշատակի օր››

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայոց ցեղասպանության հիշատակի օր››

Մայիսի 14-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ նիստին ներկա 74 պատգամավորների 74 կողմ քվեներով ընդունեց հրատապ կարգով քվեարկության դրված օրենքի նախագիծը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայոց ցեղասպանության հիշատակի օր›› և բոլոր պետական հեռուստա և ռադիոալիքները պարտավորվում են այսուհետ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Նիստի ընթացքում, որին ներկա է գտնվել նաև դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, ելույթներով են հանդես եկել պատգամավորներ Պեդրո Խիսդոնյանը,Կարլոս Վարելան, Ռաֆաել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Ռոսեժոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Աիտան և Խուան Ռոդրիգեսը:

Պատգամավորներն իրենց խոսքում կարևորել են օրենքի ընդունումը մարդկության դեմ գործված հանցագործությունների դատապարտման, այդպիսով դրանց կրկնությունը կանխելու և ժխտողականությունը մերժելու տեսանկյունից: Նշել են, որ անպատժելիության պայմաններում Ադրբեջանը նախորդ տարի իրականացրեց Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի բռնի տեղահանումը, իսկ այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանությունը՝ ոչնչացնելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը: Պատգամավորներն ընդգծել են, որ իրենց համար հպարտություն է, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ էլ դառնում է առաջին երկիրն աշխարհում, որն օրենքի ուժով պարտավորեցնում է պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Ուրուգվայցի օրենսդիրները նաև առանձնահատուկ ողջունել են ուրուգվայահայ համայնքին՝ համերաշխություն հայտնելով նրան և գովասանքի խոսքեր հնչեցնելով վերջինիս հասցեին:

Նիստի շրջանակներում պատգամավորները քվեարկել են նաև նույն օրը վերոնշյալ օրենքի նախագիծը կառավարությանը փոխանցելու օգտին, ինչը նշանակում է, որ գործադիրի հաստատումից հետո 10 օրվա ընթացքում այն հրապարակվելու է պաշտոնական տեղեկագրում և նույն պահից ուժի մեջ է մտնելու:

Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն 1965 թ. ընդունված 13.326 օրենքի, որում նշվում էր, որ հաջորդ տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայ նահատակների հիշատակի օր››, երեկ ընդունված օրինագծում հստակ նշվում է ‹‹ցեղասպանություն›› բառը և խոսք է գնում ոչ միայն հաջորդ տարի, այլ՝ այսուհետ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին այն հիշատակելու մասին:

  • Կիսվել: