շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձն Արցախ. Բալասանյան

Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձն Արցախ. Բալասանյան

2018 թվականից այս կողմ եթե խրոնոլոգիա անեք, կհասկանաք, թե Արցախը հանձնողներն ովքե՛ր են։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԱՀ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հետ տվեք իմ հարցազրույցները 2018 թվականի, և բոլորդ համոզված կլինեք՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում, որ Արցախը և Հայաստանը ընկել են այսպիսի ծանր կացության մեջ։ Ամեն մեկն իր չափաբաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի։ Վստահ եմ՝ երբ ժամանակը գա, բոլորը պատասխանատվության կենթարկվեն։ Դա վերաբերում է բոլորին, բոլոր նրանք, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ նաև ինձ: Արցախի հանձնումը հանցագործություն է եղել»,- ասաց Բալասանյանը։

Բալասանյանն ասաց, որ առաջիկայում արցախցիները հանդես են գալու հայտարարությամբ.

«Այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով, որի պատասխանատուներն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. երեքն էլ պատասխանատու են այդ փաստաթղթի համար։ Այդ փաստաթուղթն առ այսօր ուժին մեջ է՝ անկախ նրանից, թե որ կետն է կատարվում, որը՝ ոչ։ Այս պահին արցախցիները Արցախի Հանրապետության տարածքից դուրս են։ Նրանք պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձն Արցախ»,-նշեց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանը հավակնություններ չունի Արցախի վերադարձի համար, Բալասանյանն արձագանքեց. «Դա հարցրեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է նման հայտարարություն անում։ Բայց երբ մարդ մի փաստաթղթի տակ ստորագրում է, ուրեմն պատասխանատու են այդ փաստաթուղթը վերականգնելու:

Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել, և նրան իրավունք չի վերապահվել, որպեսզի Արցախի հարցերով ինքը զբաղվի»։

Անդրադառնալով արցախցիների աջակցության ծրագրին՝ Բալասանյանն ասաց. «Որևէ մի արցախցու չեն հարցրել այդ հատուցման ձևաչափը։ Համոզված եմ, որ որևէ արցախցի չի խնդրում, որ իրենց ՀՀ կառավարությունը մեզ տներով բավարարի։ Նրանք պարտավոր են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչել»։

Բալասանյանը շեշտեց, որ ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս չեն եկել Արցախից. «Մի մասն է դուրս բերվել։ 2025 թվականի նոյեմբերի 9-ին է լրանում, պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել։ Վստահ եմ, որ այդպիսի բան չկա»։

Հարցին, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց Հայաստան գալ, Բալասանյանն ասաց. «Հանգիստ, տեսա, որ էլ մարդ չկա, եկա։ Թող մնա գաղտնիք։ Երբ պետությունների պատկան մարմինները հարցում կանեն, ես կասեմ, թե որտեղով եմ գնացել, կտեսնեն, որ այդտեղ նշաններ կան»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե արցախցիները շարժմանը գումարով են մասնակցում, Բալասանյանն ասաց. «Ով որ այդպիս բան է ասում, ղալաթ է անում»։

  • Կիսվել: