ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ինչքան երկար սա տևի, այդքան եկեղեցուն վնաս են հասցնելու. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը

Ինչքան երկար սա տևի, այդքան եկեղեցուն վնաս են հասցնելու. Արմեն Գալջյանը՝ ընդդիմությանը

Հասկանալի է՝ ընդդիմադիր գործիչների վարքագիծը, երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի ինչ-որ չափով ուշադրություն գեներացնի: Բայց դա չի հաջողվում, որովհետև ասելիքն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի վրա: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին հայտարարեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ արձագանքելով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթ-ակցիային, որն առնչվում էր սահմանազատման և սահմանագծման գործընթացից ընդդիմադիրների դժգոհությանը:

«Ժողովո՛ւրդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ: Պայքարին միանում են, երբ հասկանում են պայքարի բովանդակությունը, հասկանում են՝ ինչի մասին է այդ պայքարը, և հավատում են այդ պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդուց սկսած»,- ասաց Արմեն Փամբուխչյանը:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ երիտասարդները եկեղեցին կապում են «նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով՝ հրաժարվում եկեղեցուց»:

«Իմ շա՛տ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ երբեք եկեղեցին կամ կրոնը: Եթե դուք չեք ընդունում հանրապետության որևէ պաշտոնյայի, դա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք պետությունից: Նույնն էլ եկեղեցու հարցում է: Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ երբեք որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց Նուարդ Վարդանյանը և հավելեց, որ Հայաստանը չի լինում նոր կամ հին, հոգևոր կամ ոչ հոգևոր, Հայաստանը քրիստոնյա, անկախ, ինքնիշխան պետություն է, որն ունի Սահմանադրություն:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ընդդիմադիրների պայքարը երկու խնդիր ունի, առաջինը դիրքորոշման բացակայությունն է, իսկ երկրորդ խնդիրը ՔՊ-ի հետ չէ, այլ ՀՀ Սահմանադրության: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն ընտրել է ՔՊ-ին: Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ դա է պատճառը, որ ընդդիմությունը չի պահանջում նոր ընտրություն, այլ պահանջում է իշխանություն:

«Այս շարժումն ունի մի տարբերություն: Արձանագրելով, որ ձեր դեպքերով որևիցե հաջողության հասնելու հնարավորություն չկա, հիմա նաև չեք խորշել խեղաթյուրել ևս մի արժեք, կառույց, ինստիտուտ»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ հնարավորինս շուտ ընդդիմությունը պետք է իր գործողությունները դադարեցնի: «Ինչքան երկար սա տևի, այդքան եկեղեցուն վնաս են հասցնելու, հետո իրենք են կրելու այս վնասի պատասխանատվությունը: Իմ խորհուրդն է, որ ուղղակի դադարեցնեն եկեղեցին ու կրոնն իրենց քաղաքական նկրտումների համար օգտագործելուց»,- ասաց նա:

  • Կիսվել: