շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հետևողական ենք լինելու ՀՀ տարածքից զիջումների համար մեղավորների պատասխանատվությանը. «Հայաքվե»

Հետևողական ենք լինելու ՀՀ տարածքից զիջումների համար մեղավորների պատասխանատվությանը. «Հայաքվե»

Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը։

«Մայիսի 14-ին «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները վերազանցելու փաստի առթիվ:

Եվ ահա` մեկ օր անց հայտնի դարձավ, որ մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է:

Մենք հետևողական ենք լինելու ՀՀ դատախազության և քննչական մարմինների` Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը»։

  • Կիսվել: