Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի. Կիպրոսը եւս մտադիր է ՀՀ-ում դեսպանություն բացել
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ:
Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:
2024 թվականի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Հայաստանում (նստավայրը՝ Երևանում) Կիպրոսի դեսպանություն բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը:
Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է նաև ս.թ. մարտի 7-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։