շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. Չալաբյան

Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ Տավուշի մարզում ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի «գրավման» մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «ՀայաՔվե»-ն Գլխավոր դատախազության շենքի դիմաց իրազեկման ակցիա է իրականացրել՝ «Հանցակից մի՛ դարձեք», «Ապահովե՛ք ազատ տեղաշարժի իրավունքը» և այլ գրառումներով պաստառներ պարզելով:

«Երեկ ոստիկանական զորքերը փաստացի գրավել էին Կիրանց գյուղը, և մեր կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում, բազմաթիվ կետերով խախտում է ոչ միայն Սահմանադրությունը, այլև Քրեական օրենսգիրքը։ Մենք մեկ օրվա ընթացքում մեր գործընկեր փաստաբանների հետ միասին փորձել ենք արձանագրել այն հանացագործությունները, որոնք առավել ակնհայտ են ու ներկայացնել դատախազություն։ Այսօր դիմումները մուտք ենք արել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով` լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ արգելքի, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման, ոստիկանության կողմից անհամաչափ և բիրտ ուժի կիրառման հիմքերով»,-ասաց Չալաբյանը։

Նշենք, որ Կիրանցի ճանապարհը քիչ առաջ բացվել է:

  • Կիսվել: