ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Եթե վարչապետն ասի, որ միասին աշխատել չենք կարող, նույն րոպեին կհեռանամ ՀԽ-ից. Մանուկյան

Եթե վարչապետն ասի, որ միասին աշխատել չենք կարող, նույն րոպեին կհեռանամ ՀԽ-ից. Մանուկյան

«Այն մարդիկ, որոնք անցել են հեղափոխությունների, պատերազմների, քաղաքական պայքարի, բանտերի միջով, ամուր նյարդեր ունեն»,-անդրադառնալով Ankakh.com-ի լրագրողի հարցին՝ «իշխանական որոշակի շրջանակներից շարունակվող հարձակումների» եւ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամ հրաժարականի հավանականության մասին, ասաց Վազգեն Մանուկյանը:

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին և անձամբ իմ հարցին, ես արդեն հայտարարել եմ, նորից եմ կրկնում՝ ճիշտ է, կա տեխնիկական խնդիր, որ ինձ օրենքով աշխատանքից կարող են ազատել միայն մյուս տարվա ապրիլի 4-ից հետո, բայց դա խոչընդոտ չէ»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ ՀԽ-ն կառավարության խորհրդակցական մարմին է, ՀԽ նախագահին առաջադրում է վարչապետը, հաստատում կառավարությունը, եւ բնական է համարել, որ եթե վարչապետն իրեն հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չեն կարող, ինքը նույն րոպեին կհեռանա ՀԽ-ից:

«Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը նախաձեռնի»,-ասաց Մանուկյանը:

Նա չբացառեց նաև իր հրաժարականի երկրորդ տարբերակը. «Երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»:

Նշենք, որ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ առաջիկա հինգշաբթի օրը հրավիրել է Հանրային խորհրդի նիստ՝ օրակարգում 2 հարցով.  ՀԽ շուրջ ստեղծված իրավիճակն ու ՀԽ հետագա անելիքները, Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը ենթակա չէ:

  • Կիսվել: