շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ինձ անհանգստացնում է, որ երիտասարդները եկեղեցին կապում են նախկին որոշ ուժերի հետ և հրաժարվում եկեղեցուց. ՔՊ-ական

Ինձ անհանգստացնում է, որ երիտասարդները եկեղեցին կապում են նախկին որոշ ուժերի հետ և հրաժարվում եկեղեցուց. ՔՊ-ական

Ինձ անհանգստացնում է այն, որ երիտասարդները եկեղեցին կապում են նախկին որոշ ուժերի հետ և հետևություններ անելով՝ հրաժարվում եկեղեցուց։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը:

«Սիրելի՛ ժողովուրդ, իմ շատ սիրելի երիտասարդներ, նրանք բոլորը եկեղեցու պաշտոնյաներ են, այլ ոչ թե եկեղեցին կամ կրոնը։ Եթե դուք չեք ընդունում ՀՀ որևէ պաշտոնյայի, չի նշանակում, որ պետք է հրաժարվենք պետությունից։ Նույնն էլ եկեղեցու հարցում է։ Եկեղեցին բոլորինս է, այլ ոչ թե որոշ սպասավորների մենաշնորհը»,- ասաց նա:

Այնուհետև Վարդանյանը մեջբերեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հայտարարությունը․ «Երկքաղաքացի եմ, ես Կանադայի ու Հայաստանի, շատ պարզ։ Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայի։ Հիմա ի՞նչ, սրանց կտա՞ն։ Ես երբեք չեմ ուզել, իրանք տվել են՝ որպես Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ, անմիջապես արձագանքել են՝ Բագրատ սրբազանը իրավունք չունի, երկքաղաքացի է։ Ուռա, ի՞նչ եք խառնվել իրար, այ մարդու որդիներ։ Տավուշի թեմի առաջնորդն է ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը։ Հիմա, որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ, երբ երկքաղաքացին էլ կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է»։

Վարդանյանը նշեց. «Ես չեմ ուզում շարունակել մեջբերել նրա խոսքը, հարց՝ արդյոք սա եկեղեցու սպասավորի կամ ծառայողի խոսո՞ւյթ է, արդյոք սա քրիստոնյա մարդու կամ քրիստոնեական արժեքներ կրող մարդու խոսո՞ւյթ է, չգիտեմ, թողնում եմ Աստծու դատողությանը, սակայն նման պահվածքով և ձեր կապերով շատ ավելի ազնիվ կլիներ օգտվել սահմանադրական իրավունքից․ մտեք Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին»։

Նա հիշեցրեց՝ չի լինում նոր կամ հին Հայաստան, չի լինում հոգևոր կամ ոչ հոգևոր. Հայաստանը մեկն է՝ քրիստոնյա, անկախ ինքնիշխան պետություն։

  • Կիսվել: