շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Դուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն․ Կարին Տոնոյանը՝ Բագրատ Սրբազանին

Դուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն․ Կարին Տոնոյանը՝ Բագրատ Սրբազանին

44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը բաց նամակ է ուղղել բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝  հորդորելով ընդունել Հայաստանի վարչապետ դառնալու հասարակության պահանջը։

«Սրբազա’ն Հայր, դեռ չարաբաստիկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հանդիպել եմ Ձեզ հետ և տեսել անասելի հայրենասեր, խորագետ ու պատվելի հոգևորականի: Դեռ 2021 թ.-ից, երբ ինքս էլ վրեժի ու Հայրենիքի կորստի վախից նետվեցի քաղաքականության մեջ, հասկացել եմ, թե ինչքան անիրական ու ինքնավարկաբեկված է հայաստանյան քաղաքական դաշտը և համոզվել, որ միայն Հայ Առաքելական Եկեղեցին կարող է համախմբել ու առաջնորդել Հայրենիքի համար մերօրյա ազատագրական պայքարը, որպես միակ կանգուն մնացած համակարգային կառույց, որպես Աստծո կամքի խոսնակ, որի մասին էլ պարբերաբար խոսել եմ Վեհափառի, Միքայել Սրբազանի և Ձեզ հետ հանդիպումներում:

Դեռ Կիրանցից քայլելով Ձեր գլխավորած շարժման շարքերում, հրաժարվել եմ քայլել ձեր կողքով, որովհետև ես էլ էի փորձել նախորդ տարիներին, որպես շարժման առաջնորդ, օգտակար լինել Հայրենիքիս, բայց չէի հաջողել, և չէի ուզում, որ Ձեր կողքով քայլի չհաջողված քաղգործիչ: Բայց ես միշտ իմ համախոհներով ու իմ հասուն սաներով Ձեր կողքին եմ:

Բայց...այս երկու օրերին կարդալով և լսելով, թե հնարավոր ինչ անուններ են հնչեցվում, որպես վարչապետի թեկնածու, ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ.

- Դուք և միայն Դուք եք այս իրավիճակում վարչապետի լավագույն թեկնածուն, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ հնչեցված յուրաքանչյուր անուն մեծ տարակարծություններ ու նորից պառակտում է առաջացնելու Ձեր գլխավորած շարժումով հուսավառված մարդկանց մեջ և..... Աստված մի արասցե, տանելու է շարժումը մարման:

Ուստի, որպես Հայրենիքին զավակ նվիրած սևազգեստ մայր, որպես կարճ, բայց շատ խորատես քաղաքական փորձ ունեցող գործիչ, որպես փորձառու լրագրող ու մանկավարժ, գերհամոզված, որ վարչապետի թեկնածուն չպիտի լինի Հայաստանի այս վիճակում հայտնվելու հարցում չնչին անգամ մեղավորություն ունեցող կամ անփորձ քաղաքական ուժի ներկայացուցիչ, հորդորում եմ Ձեզ ու պահանջում ընդունել հասարակության մեջ դեռ կիսաձայն, բայց հաստատակամ ձևավորվող պահանջն ու հույսը՝ Ձեզ տեսնել որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն` Կարին Տոնոյան»,- ասված է նամակում։

  • Կիսվել: