շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան

Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան

Չի կարելի մարդուն ասել՝ դու պետք է վատ ապրես, ոչ անվտանգ միջավայրում ապրես, որովհետեւ եթե դու ապրես ոչ պաշտպանված, քո իրավունքները մի փոքր կամ շատ ոտնահարվեն, ամբողջ Հայաստանը դրանից շահելու է: Այս մասին այսօր անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։

«Եթե մի գյուղ չի շահում այս գործընթացից, Հայաստանը չի կարող շահել դրանից: Չի կարելի մարդուն ասել՝ գնա հանգիստ ապրիր, որովհետեւ պատ կշարենք, ծառ կտնկենք եւ դպրոցը հակառակ կողմից չի երեւա: Եթե այս գործընթացի արդյունքում մեր երկիրն ավելի անվտանգ է դառնում, ինչպես պնդում են իշխանությունները, ինչո՞ւ է առաջանում պատ շարելու կամ ծառ տնկելու  անհրաժեշտությունը: Մարդու պապը տուն է սարքում խորհրդային Հայաստանի տարածքում, ստանում է թուղթ, որ ինքն իրավունք ունի այդ տունը կառուցելու: Մի քանի սերունդ անցնում է,  գալիս ասում են՝ գիտե՞ս, ոչ քո պապը, ոչ այդ ժամանակվա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն իմացել՝ որտեղով է անցնցում սահմանը: Իրոք մտածում եք, որ էս ձեւո՞վ են խաղաղության հասնում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից բավարարված լինի, ոչ թե հոգեկան ցնցումների մեջ ընկնի. «Ես պարզ լուծում եմ առաջարկում. ՄԻՊ-ն ու իր աշխատակազմը այս օրերին պետք է լինի Կիրանցում, մարդկանց հետ աշխատելով, որ տարատեսակ չարակամներն այնպես չանեն, որ Կիրանցի բնակիչներն այնպիսի հոգեկան ցնցումների մեջ ընկնեն, որ այլեւս չպատկերացնեն ապրելու այդ տարածքում, որտեղ ապրում են ըստ հիշատակումների 4-րդ դարից:

Ես մի լավ առաջարկ ունեմ, առաջարկում եմ, որ Հայաստանի կառավարությունը որոշի եւ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխի Կիրանց: Դա կօգնի եւ բնակավայրի զարգացմանը, մեծացմանը, եւ կիրանցեցիներն էլ համոզված կլինեն, որ ապրում են մի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է ՀՀ կառավարության մի մասը: Շատ խելամիտ առաջարկ է»,-ասաց Գեղամ Նազարյանը:

  • Կիսվել: