շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
«Եվրատեսիլ»-ում հաղթելը ոչ միայն պատիվ է, այլեւ մեծ հնարավորություն․ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող

«Եվրատեսիլ»-ում հաղթելը ոչ միայն պատիվ է, այլեւ մեծ հնարավորություն․ «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող

Շվեյցարիայում շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց անունները, ցավոք, հաճախ հայտնի չեն դառնում երկրի սահմաններից դուրս, եւ «Եվրատեսիլ»-ում հաղթելը ոչ միայն պատիվ է, այլեւ մեծ հնարավորություն. «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին հաջորդող ասուլիսին ասել է մրցույթի այս տարվա հաղթող Նեմո Մեթլերը:

«Գերլարված էի, ուղեղս երբեք այսպիսի փորձառության միջով չէր անցել: Ես, պարզապես, շատ շնորհակալ եմ այս ամենի համար, եւ ուրախ եմ այն ընկերներիս համար, որոնց ձեռք բերեցի այս ճանապարհին: Այն միտքը, որ այս երգը, որը փոխել է իմ կյանքը, որը պատմում է իմ պատմությունը, դիպչել է այսքան շատ մարդկանց սրտերին եւ, գուցե, ոգեշնչել է շատերին, որ հավատարիմ մնան իրենց պատմությանը, ամենախելահեղ բանն էր, որ կարող էր ինձ հետ պատահել»,-հավելում  է Շվեյցարիայի ներկայացուցիչը, որն իրեն ոչ բինար է համարում:

Նեմոյի հուզմունքն այնքան մեծ է եղել, որ դրան չի դիմացել, նույնիսկ, մրցանակը, որը նա ստացել էր՝ որպես հաղթող: Լրագրողների աչքից չի վրիպել այն փաստը, որ արտիստն այն անզգույշ շարժման պատճառով կոտրել էր հենց բեմի վրա:

«Այո, ինչպես ասվում է երգումս, ոչ միայն ծածկագիրն եմ կոտրել, այլեւ մրցանակը, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մատս եմ վնասել, բայց ամեն ինչ լավ է: Ու հիմա նոր մրցանակ ունեմ. ստացվում է՝ մեկի փոխարեն երկու մրցանակ ունեմ»,-կատակել է երգիչը:

Միեւնույն ժամանակ, լրագրողներից մեկի դիտարկմանը, որ, ի տարբերություն իրեն, ոչ բինար երկրպագուներին չեն թողել իրենց դրոշը բերել դահլիճ, երգիչը պատասխանել է՝ «Ինչպիսի երկակակի ստանդարտներ: Այս մրցանակը կոտրվել էր, բայց նորոգեցին, ուրեմն՝ «Եվրատեսիլը», նույնպես, վերանորոգվելու կարիք ունի»:

Նրանից հետաքրքրվել են նաեւ՝ ինչպես է վերաբերվում այս տարվա «Եվրատեսիլին», որը Իսրայելի ու Համասի հակամարտության ֆոնին քաղաքական աստառ էր ստացել:

«Կարող եմ ասել, որ այս ամբողջ փորձառությունը շատ լարված էր եւ, իհարկե, բացարձակ հաճելի չէր: Շատ բաներ կային, որոնք բացարձակ կապ չունեին սիրո եւ միասնականության հետ, ինչն ինձ, իսկապես, տխրեցնում էր, բայց, միեւնույն ժամանակ, այստեղ այնքան սեր կար, այնքան հանդիպումներ, մշակութային բացահայտումներ եւ մարդիկ, ովքեր դրական են՝ միավորված երաժշտությամբ… Եվ սա ինձ հույս է տալիս. ես գիտեմ, որ այս մարդիկ կան, որոնք պետք են այս աշխարհին: Ես հուսով եմ, որ «Եվրատեսիլը» կշարունակի կանգնել հանուն խաղաղության եւ սիրո: Կարծում եմ՝ շատ աշխատանք կա անելու այս ուղղությամբ»,-նշել է նա:

Խոսելով «Եվրատեսիլ»-ում ներկայանալու իր պատահական ընտրության մասին՝ Նեմոն վերհիշել է, թե ինչպես մի ամառային օր, երբ մասնակցում էր «Եվրատեսիլի» համար երգ գրելու գործընթացին, իրեն առաջարկեցին դառնալ հենց իր գրած երգի կատարողը ու մասնակցել մրցույթին: «Ես երբեք չէի պատկերացնում դա, բայց որոշեցի փորձել, ու գրեցի ամենաառանձնահատուկ երգը, որի ստեղծմանը երբեւէ մասնակցել էի: Շնորհակալ եմ բոլոր համահեղինակներին, ովքեր ստեղծեցին արվեստի այս գործն ինձ  համար»:

Գրել այն մասին, ինչն անհանգստացնում է քեզ, եւ քեզ համար նշանակություն ունի՝ սա է, ըստ Նեմոյի, «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու գաղտնիքը:

«Կարծում եմ՝ երբ արտիստն այնքան համարձակ է, որ կարողանում է ճշմարիտ լինել ինքն իր հանդեպ՝ բերելով ուրախություն, դա կարող է դիպչել մարդկանց ու միավորել բոլորին»,-ասում է նա:

Արտիստին հարցրել են նաեւ՝ ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ իր մրցակիցներից մեկին զրկել են եզրափակչին մասնակցելուց (խոսքը Նիդրլանդների ներկայացուցչի մասին է, որին հեռացրել են մրցույթից՝ կին օպերատորի հետ միջադեպից հետո): Նեմոն, սակայն, չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ շատ տեղեկացված չէ միջադեպից եւ ոչինչ չի կարող ասել այդ մասին:

  • Կիսվել: