շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար

Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար

Ղազախստանի դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը սպանելու համար:

Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել առանձնակի դաժանությամբ սպանության և կտտանքների հոդվածներով։ Գործը քննվել է ատենակալների մասնակցությամբ։

Բիշիմբաևի զարմիկը՝ Բակիտժան Բայժանովն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ հանցագործությունը թաքցնելու և դրա մասին չտեղեկացնելու մեղադրանքով:

Բիշիմբաևի գործը Ղազախստանում ակտիվացրել էր ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց օրենսդրական պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ հասարակական քննարկումները: Ղազախստանում օպերատիվ կարգով ընդունվել էր օրենք, որը խստացնում է ծեծի և առողջությանը թեթև վնաս պատճառելու համար պատիժը, ինչպես նաև նախատեսում է աջակցության կենտրոնների ստեղծում՝ ընտանեկան բռնությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Բիշիմբաևը 2016 թվականին մի քանի ամիս գլխավորել էր Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը: 2018 թվականին կոռուպցիայի մեղադրանքով նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն մեկուկես տարի անց ազատ էր արձակվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակմամբ։

  • Կիսվել: