շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բաքվի գործադիր իշխանությունը կրկին մերժել են ընդդիմադիր ուժերի հանրահավաք անցկացնելու դիմումը

Բաքվի գործադիր իշխանությունը կրկին մերժել են ընդդիմադիր ուժերի հանրահավաք անցկացնելու դիմումը

Բաքվի գործադիր իշխանությունը կրկին մերժել է ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի՝ մայիսի 5-ին հանրահավաք անցկացնելու դիմումը։  Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին։

Նա իշխանությունների այս որոշումը համարել է հավաքների ազատությունը սահմանափակելու ևս մեկ քայլ։ «Թվում է, թե իշխանությունները ցանկանում են հանրահավաքների արգելքը վերածել մշտական ​​գործընթացի։ Խորհուրդն իր հետագա քայլերի մասին կհայտարարի խորհրդակցություններից հետո»,- հավելել է Հասանլին։

Նշենք, որ ընդդիմությունն ի սկզբանե հանրահավաքը նախատեսում էր անցկացնել ապրիլի 21-ին և դրա անցկացման համար երեք վայր առաջարկել՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։ Սակայն քաղաքապետարանը չէր արտոնել նշվածներից որևէ վայրում դրա անցկացումը։ Ակցիան նախաձեռնվել էր քաղբանտարկյալների ազատ արձակման, Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։

Մերժումից հետո ընդդիմությունը որոշել էր այն անցկացնել մայիսի 5-ին։ Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին։ Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո, հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

  • Կիսվել: