շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին

Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո կազմակերպված Կայուն զարգացման նպատակներին ուղղված գիտության, տեխնոլոգիաների և նորարարության 9-րդ համաժողովին (Multi-Stakeholder Forum on Science, Technology and Innovation for the Sustainable Development Goals (STI Forum))։

Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը կայուն զարգացման համար՝ նպատակ ունենալով դառնալ տեխնոլոգիական և ինովացիոն տարածաշրջանային կենտրոն: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում միջազգային համագործակցությունը և համերաշխությունը կարող են խթանել Կայուն զարգացման նպատակների իրագործումը՝ նոր հնարավորություններ ստեղծելով 2030 թվականի օրակարգի ավելի արդյունավետ և ճկուն առաջխաղացման համար:

Երկօրյա այցի շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է նաև «Գիտական, տեխնոլոգիական և նորարարական լուծումների դերը՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացման միջոց» խորագրով հարակից միջոցառմանը, որտեղ ներկայացրել է այդ ոլորտում Հայաստանում տեղ գտած զարգացումները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության տեսլականին՝ համաշխարհային տեխնոլոգիական լանդշաֆտում Հայաստանը տեսնել որպես առաջատար խաղացող:

Միջոցառման շրջանակներում Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իռակլի Նադառեիշվիլիին, ներկայացրել ՀՀ ԲՏԱ նախարարության գործունեությունը, քննարկվել երկկողմ համագործակցության հնարավորությունները:

 

  • Կիսվել: