ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Մենք շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակչությանը. Ավանեսյան

Մենք շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակչությանը. Ավանեսյան

ՀՀ կառավարությունը հաստատեց «ՀՀ 2024 թվականի պետական բյուջերի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, ՀՀ կառավարության 2023 թվականի դեպտեմբերի 28-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամի վերաբաշխում իրականացնել և ավելացնել առողջապահության ծառայությունների ծավալների ֆինանսավորումը: Նշեմ, որ այս ծրագրերը հետևյալն են. շտապօգնության ծառայություններ՝ 400 մլն դրամ, հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ՝ 500 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն՝ 300 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայությունների միջոցառում՝ 1 մլրդ 500 մլն դրամ, փոխպատվաստման ծառայություններ՝ 200 մլն դրամ, և ինֆեկցիոն հիվանդություններ՝ 100 մլն դրամի չափով»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս ավելացումներով մենք շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակչությանը»,- ասաց նախարարը:

Նա տվյալներ nերկայացրեց, թե ինչպես են աճել սպասարկման դեպքերի և դրանց ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին:

«2018 թվականին այս ավելացող երկու ծրագրերի միայն մասով՝ սոցանապահով և հատուկ խմբում ընդգրկվածների և դժվարամատչելի հետազոտությունների մասով մենք 28 973 դեպքի փոխարեն 2023 թվականին սպասարկել ենք 46 401 դեպք, և 2024 թվականին՝ 84 374 դեպք: Սա, ընդհանուր առմամբ, 2018 թվականից սկսած 2024 թվականի համեմատականը 55 հազար դեպքով ավելի է կազմում:

Սրանք միայն առաջին եռամսյակի տվյալներ են: Ավելացման տենդենցը երկրորդ եռամսյակին մի փոքր ավելի է լինում: Վեց ամսվա տվյալները շուտով կհրապարակենք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր առմամբ նշեմ, որ առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թվականի առաջին եռամսյակի մասով կազմել են ընդամենը 14 մլրդ դրամ, 2023 թվականին՝ 24.7 մլրդ դրամ և 2024 թվականին՝ 30 մլրդ դրամի չափով»»,- ասաց նա՝ նշելով, որ ավելացումները կապված են մի շարք հանգամանքների հետ: «Առաջին հերթին մեր ենթակառուցվածների և ընդհանուր առմամբ ծառայությունների ցանկի ավելացումն է բերում դեպքերի ավելացման: Երկրորդը՝ դրանք ֆիզիկապես ավելի մատչելի են դառնում նաև մարզային բժշկական օգնություն տրամադրող կենտրոններին, ինչը բերում է նաև փաստացի դեպքերի և դրանցից օգտվելու դիմելիության աճին, և պետք է հատուկ նշեմ, որ նաև այս ավելացումները կապված են ԼՂ-ից մեր բռնի տեղահանված քույրերի և եղբայրների բժշկական օգնության հավելյալ ծավալներն ապահովելու հետ, և մենք, շարունակելով մեր քաղաքականությունը, ի վերջո ներդնելու են առողջապահության ապահովագրությունը, բայց, չսպասելով դրան էլ, տարեցտարի ավելացնում ենք հասանելիությունը մեր բնակչության համար»,- ասաց Ավանեսյանը:

Նա ավելացրեց, որ այս ավելացած դեպքերի թիվը ոչ միայն նույն դեպքերի քանակական աճ է, այլ նաև որակական փոփոխություն կա: «Այսինքն՝ մենք տարեցտարի ներդնում ենք նոր ծրագրեր, նոր ծառայություններ, տեսնում ենք, որ այստեղ նույն փոխպատվաստման ծառայությունների համար հավելյալ 200 միլիոն ենք ավելացնում, որովհետև տարեցտարի ավելանում են նոր տեխնոլոգիաներով նոր հմտությունների կարիք պահանջող ծառայությունները: 

Մենք պետք է աշխատենք թե՛ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և թե՛ վերահսկողության և անհարկի բուժօգնության տրամադրման ռիսկերը նվազեցնելու մասով, և այս մասով էլ թե՛ գործելակարգերի հաստատված արդեն թվայնացման և մեր դեպքերի վերահսկողության մասով առաջիկայում արդեն որոշակի գործընթացներ արել ենք, և առաջիկայում էլ մի շարք միջոցառումներ անելու ենք, որ վստահ լինենք, որ այս ծառայություններն իսկապես ըստ ցուցումների են անհրաժեշտ, և մարդու առողջությանն են նպաստելու: Այս ծավալների ավելացումն էլ նաև արտահայտվում է մեր բնակչության տարեկան առողջական ցուցանիշների բարելավման վրա, և սա է մեր հիմնական գլխավոր նպատակը»,- ասաց առողջապահության նախարարը:

  • Կիսվել: