ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը

Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախարարը կարող է միակողմանի կարգով հաստատել եւ ընդունել պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ լրացուցիչ ծախսեր առաջացնող այնպիսի իրավական ակտեր, որոնք կարող են հանգեցնել բյուջետային գործընթացներում քննարկված եւ հաստատված բյուջետային հատկացումների սահմանաչափերի գերազանցմանը, լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը՝ առաջացնելով ֆիսկալ ռիսկեր: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 14-ի նիստում:

Քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նման խնդիրներից խուսափելու եւ պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունը մեծացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է հանրակրթության ոլորտում պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ինչպես նաեւ ֆինանսավորման կարգերի հաստատման լիազորությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարի լիազորությունների տիրույթից տեղափոխել Կառավարության լիազորությունների տիրույթ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

««Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը Կառավարության առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

  • Կիսվել: