շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ են եկել։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․ «Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում։ Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանը ներառված չէ, քանի որ կա՛մ փոխանցումներ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում՝ հիշյալ ցանկում ներառելու համար»:

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր Ադրբեջանից Հայաստան մեծ ծավալի տրանսֆերներ են եկել։

  • Կիսվել: