ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
2023-2024-ին «իԳործ» ծրագրով ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ

2023-2024-ին «իԳործ» ծրագրով ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետին են ներկայացվել նաև գրասենյակի ընթացիկ ծրագրերը: Սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ին 50 սփյուռքահայ մասնագետ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցներում: Միջոցառման մասնակիցների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել են 10 նոր ծրագիր՝ միտված Հայաստանի Հանրապետության առանձին ոլորտների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, էկոնոմիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով:

 

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով «իԳործ» ծրագրին՝ հետաքրքրվել է դրա արդյունավետությամբ և կարևորությամբ: «Մենք ամեն տարի ունենում ենք մոտ 350 դիմորդ 50 տեղի համար: Ամենակարևորն այն է, որ ունեցել ենք որակյալ մասնագետների ներգրավման աճ: Կան նախարարություններ, որոնք շատ են կապված ծրագրի հետ, նրանք մեծամասամբ «իԳործ»-ն ընկալում են որպես հավելյալ ռեսուրս»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ 2022-2023 թթ. ծրագրի 15 մասնակից հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը ևս մեկ տարով: Նույն հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրը ներդրվել է նաև Շիրակի մարզում: 2023-2024 թթ.-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 կառույցներում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ:

«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սփյուռքահայ 600 պատանիների համար կազմակերպվել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ, այցեր և այլն: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ի միջոցառմանը մասնակցել են 20 երիտասարդ 12 երկրից: Նրանք իրականացրել են համայնքային և հայրենադարձությանը վերաբերող շուրջ 100 իրազեկման հանդիպումներ և միջոցառումներ, 20 փորձի փոխանակման ծրագրեր, 40 մեդիա հրապարակումներ և այլ աշխատանքներ: 2023-2024 թթ. միջոցառմանը մասնակցում է 18 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 8 երկրից: Նրանց կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն 2024 թ. օգոստոսին:

Նշվել է նաև, որ 2023-ին առաջին անգամ մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է առողջապահության, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են իրականացվել ՀՀ մարզերի և Երևանի տեղական կառավարման տարբեր օղակների միջև։ 40 մասնակից անցել է վերջնական ընտրությունը՝ սկսելով կամավորական աշխատանքը։

  • Կիսվել: